Երեկ Երևանում էր Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և նա ասաց` Իրանն ու Հայաստանը լավ հարևաններ են և Իրանը շատ լավ համագործակցություն ունի Հայաստանի հետ: Համենայն դեպս` նրա գնահատմամբ` համագործակցության կարևորագույն հարցերից են էներգետիկ և տարանցման ոլորտները, նաև` գիտությունը, բնապահպանությունն ու տեխնոլոգիաները։ «Բավականին լավ հնարավորություն ունենք ձեռք բերված տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև զարգացնելու առումով։ Ինձ ուղեկցում են տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ և գործարարներ»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը: ՀՀ նախագահի հետ նրա հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել երկու երկրների բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունների մասին և ընդգծել, որ դրանք հնարավորություն են տալիս ավելի մեծ հոգատարությամբ զարգացնել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա կառուցված միջպետական հարաբերությունները:
Նա ընդգծել է, որ Հայաստանն իրանցի գործընկերների հետ մշտապես վարում է անկեղծ ու բաց երկխոսություն և շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ: Իրանի ԱԳ նախարարը շեշտել է, որ իր երկրի համար հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան: Զրուցակիցները երկուստեք կարևորել են տնտեսական կապերի ամրապնդումն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացումը: Զարիֆի գնահատմամբ՝ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հարիր չեն երկու բարեկամ երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Նա նախագահին տեղեկացրել է, որ հայ գործընկերոջ հետ բանակցությունների հիմքում ընկած են եղել հատկապես այդ ոլորտի զարգացման հարցերը, տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն է ուղղված Երևանում անցկացված հայ-իրանական գործարար համաժողովը: Նրանք գոհունակությամբ են խոսել նաև միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցության մասին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը նշել է, որ չնայած բավական աշխատանք է կատարվել, բազմաթիվ համատեղ ձեռքբերումներ կան, անելիքները դեռ շատ են: Կարեն Կարապետյանը նկատել է, որ լինելով հարևան բարեկամ երկրներ՝ Հայաստանն ու Իրանն առևտրատնտեսական գործակցության զարգացման մեծ ներուժ ունեն, և չնայած այս տարի արտահանում-ներմուծման աճին, ցուցանիշները չեն արտացոլում երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները: «Շատ ուրախ եմ, որ այսօր Երևանում բացվել է հայ-իրանական բիզնես ֆորումը, իսկ դեկտեմբերին սպասվում է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը: Հայաստանի կառավարությունը չափազանց շահագրգռված է և պատրաստ է՝ որակապես փոխելու և նոր մակարդակի բարձրացնելու մեր առևտրաշրջանառությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Զարիֆը պատասխանել է. «Ձեր այցելությունն Իրան շատ կարևոր և հաջողված էր՚: Նա տեղեկացրել է, որ իր գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում ընդգրկված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների առաջատար ներկայացուցիչներ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետագա քայլերը և փոխգործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Վարչապետը և նախարարը քննարկել են դեկտեմբերին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում, բացվելիք ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով բիզնեսի համար առաջարկվող հարկային արտոնությունները և այն հատուկ ռեժիմները, որը Հայաստանն ունի տարբեր կառույցների ու երկրների հետ՝ ԱՏԳ-ն լավ և շահավետ հարթակ է լինելու և հայաստանցի, և իրանցի, և երրորդ երկրների գործարարների համար: Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել է, որ իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ԱՏԳ շուտափույթ բացմամբ և պատրաստ է առարկայորեն համագործակցել այդ հարթակում: Կողմերը համակարծիք էին, որ հայկական «Մեղրի» և իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտիների գործակցությանը և արտահանող-ներմուծող ընկերության ստեղծումը կարող է երկկողմ տնտեսական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնել: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև էներգետիկ ոլորտում երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության շուրջ: ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ հայ-իրանական հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ ընդգրկելով նոր ոլորտներ. «Գիտակցում ենք, որ կա մեծ ներուժ, և մենք տրամադրված ենք համատեղ ջանքերով խորացնել, ընդլայնել, ամրապնդել երկկողմ բազմաոլորտ փոխգործակցությունը»: Հայ-իրանական համաժողովում նա հույս է հայտնել, որ համաժողովը կնպաստի իրանական գործարարների կողմից Հայաստանի ներդրումային հնարավորությունների առավել գործադրմանը և ընդգծել է՝ Հայաստանում ստեղծված են բարենպաստ պայմաններ, որոնք թույլ են տալիս շահավետ ներդրումներ կատարել ու հաջողությամբ գործարարությամբ զբաղվել։
«Հայաստանում իրականացվող բարեփոխումները նախատեսում են ամրագրել առավել բարենպաստության ռեժիմներ, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, հնարավորություն տալ գործարարներին օգտվելու Հայաստանում գործող ու նախատեսվող լրացուցիչ արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման ժամանակակից մեխանիզմներից, հետևողականորեն կրճատել ու պարզեցնել մի շարք ընթացակարգեր»` ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկրներից միակը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԱՊՀ, ԵԱՏՄ, նաև՝ ԵՄ մուտք գործելու համար։ «Այդ առումով կարևորում ենք իրականացման փուլում գտնվող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի»,- ասաց նա։
ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն աջակցում է ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրին։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նկատեցի՞ք տարբերությունը: Փաստացի` ՀՀ ԱԳ նախարարը բարձրացնում է իսկապես գլոբալ տնտեսական հարցեր, որ պետք են Հայաստանի տնտեսական զարգացմանը, քան վարչապետը` մասնավորապես` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի, որի մասին պաշտոնական տեղեկատվության մեջ չեն խոսել ոչ նախագահը, ոչ վարչապետը: Մինչդեռ Իրանի ԱԳ նախարարը բարձրացրել է էներգետիկ ու տարանցման ոլորտներում հայ-իրանական համագործակցության հարցը` անվանելով կարևորագույն կետեր: Թե ինչ է դա նշանակում գործնականում Հայաստանի համար, գիտեն բոլորը` գազ և ճանապարհ: Բայց ոչ ոք չգիտի` դեռ ինչքա՞ն Իրանը կառաջարկի, Հայաստանը կլռի: Հաշվի առեք նաև Իրանի ԱԳ նախարարի այցի պահը` 4 օր առաջ է Հայաստանը ստորագրել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը և Թեհրանը չի կարող չօգտագործել 170- միլիոնանոց ԵՄ շուկա մուտքի հնարավորությունը, որքան էլ նրան հրեն 80- միլիոնանոց ԵԱՏՄ շուկա:
Պաշտոնական տեղեկատվության մեջ բառ չկար Արցախի հարցի մասին, բայց բացառվում է, որ Զարիֆը գար Երևան ու չանդրադառնար մի թեմայի, որ առնչվում է իր հյուսիսային սահմանին: Առավել ևս, որ Մոսկվա-Թեհրան-Անկարա ալյանսը Սիրիայի հարցում գործնականում կարճաժամկետ համագործակցություն է, երկարաժամկետ ու նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում այդ ալյանսի կողմերի շահերը բաժանվում են: Եվ հնարավոր չէ, որ Նալբանդյանը որևէ կերպ չպարզեր, թե Էրդողանը եռակողմ հանդիպումներում խոսե՞լ է Արցախի մասին ու ի՞նչ արձագանք է ստացել: ՀՀ-ԵՄ համաձայնագրում Արցախի հարցի վերաբերյալ ձևակերպումները, ԱՄՆ հայտարարությունները փաստացի փակում են Էրդողանի ճանապարհը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ փոխելու և Ալիևի պահանջները` հարցը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով լուծելու: Թեհրանին պետք է, որ իր հյուսիսային սահմանին չհայտնվի երրորդ ուժ և քանիցս դա հայտարարել է: Իրանին պետք չէ պատերազմ, և Բաքուն դա շատ լավ գիտի: Թեհրանին պետք է ճանապարհ Պարսից ծոցից Սև ծով: Եվ եթե ԵԱՏՄ-ն այդ հարցում խանգարում է ի դեմս Ռուսաստանի, որ ցանկանում է միանալ Մետաքսի մեծ ճանապարհին` Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Բելառուս երկաթուղագծով` ի պատասխան Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղուն, ԵՄ-ն կարող է հեռանկարային փոփոխություններ բերել հաղորդակցուղիների դիվերսիֆիկացիայում ներդրումներ անելով: Իսկ գազի հարցում Հայաստանը դեռ պետք է հաղթահարի «Գազպրոմի» մենաշնորհը, որին Մոսկվան պատրաստ է համաձայնել շատ ինքնատիպ` «Գազպրոմը» մենաշնորհ չի ունենա Հայաստանում, բայց Հայաստան կմտնի ռուսական ևս մեկ, գուցե երկու գազային ընկերություն, այսինքն` մրից դուրս գալն ու մրջուրն ընկնելը նույնն են: